Անգլիայի ազգային հավաքականն Ատլանտայում ստիպված եղավ ներդնել իր ողջ ուժերը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության համառ ու տոկուն ընտրանուն հաղթելու համար: Թոմաս Տուխելի սաները, խաղի ընթացքում պարտվելով, կարողացան բեկել հանդիպման ընթացքը և վերջնամասում կորզել դժվարին հաղթանակ՝ 2:1 հաշվով: Հարի Քեյնի հիանալի դուբլի շնորհիվ «Երեք առյուծները» նվաճեցին 1/8 եզրափակչի ուղեգիր, որտեղ կմրցեն մրցաշարի համահյուրընկալող Մեքսիկայի հավաքականի հետ:
Անակնկալ մեկնարկ և անգլիացիների նյարդերը
Հանդիպումը բուռն սկիզբ ունեցավ. արդեն 7-րդ րոպեին «Ատլանտա Ստադիումի» տրիբունաները շոկի ենթարկվեցին, երբ Կոնգոյի ԴՀ հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ: Շանսել Մբեմբայի՝ դեպի հետին դարպասաձողը կատարած փոխանցումից հետո ձախ թևում հայտնված Բրիան Սիպենգան կարողացավ հաջող վերահսկել գնդակն ու հուժկու հարվածով խոցել Ջորդան Պիկֆորդի դարպասի մոտակա անկյունը:
Անգլիացիների նյարդերը տեղի տվեցին, ինչի վառ ապացույցը եղավ Ջուդ Բելինգեմի կոպիտ սահանկումը «Աուգսբուրգի» ֆուտբոլիստ Նատանիել Մբուկուի դեմ, որի համար Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը պատժվեց դեղին քարտով: Րոպեներ անց Բելինգեմը կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն նրա գլխով կատարած հարվածից հետո կոնգոյացիների դարպասապահ Լիոնել Մպասին փառահեղ սեյվով փրկեց իր թիմին:
Ճնշում և բաց թողնված հնարավորություններ
«Երեք առյուծների» գրոհների տարափը շարունակվում էր: Շուտով հիանալի հնարավորություն ունեցավ Մարկուս Ռեշֆորդը, սակայն նրա հարվածից հետո գնդակը դարպասային գծից հեռացրեց Աարոն Վան-Բիսական: Ընդմիջումից առաջ Կոնգոն նույնիսկ կարող էր կրկնապատկել առավելությունը, սակայն աջ թևից կատարված փոխանցումից հետո Յոան Ուիսայի հարվածից հետո Անգլիային վերահաս գոլից փրկեց դարպասաձողը:
Դարպասապահ Մպասին արդեն իսկ վերածվում էր Կոնգոյի ազգային հերոսի. նախքան ընդմիջման գնալը նա կրկին հիանալի ցատկով հետ մղեց անկյունայինի խաղարկումից հետո Քեյնի կատարած վտանգավոր հարվածը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ռեշֆորդի հարվածը ցնցեց դարպասի արտաքին ցանցը, իսկ մյուս կողմում Մբուկուն, նախքան փոխարինվելը, աչքի ընկավ հեռահար վտանգավոր հարվածով, որը Ռիկոշետից հետո անցավ դարպասից շեղ:
Տուխելի փոփոխություններն ու Քեյնի բենեֆիսը
Անգլիացիների գլխավոր մարզչի կատարած փոփոխությունները հանդիպման ավարտից 15 րոպե առաջ ի վերջո բացեցին «ընձառյուծների» պաշտպանության կողպեքը: Էնթոնի Գորդոնի փոխանցումից հետո «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը գլխի դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց Մպասիի դարպասի ձախ անկյունը՝ 1:1: Ստադիոնում արդեն զգացվում էր, որ Կոնգոյի ԴՀ հավաքականի ուժերը սպառվում են:
Այդ տպավորությունն իրականություն դարձավ խաղավերջում, երբ Անգլիան նետվեց հաղթանակ կորզելու: Վճռորոշ պահին Քեյնը, նույնիսկ գտնվելով հարվածի համար ոչ հարմար, սուր անկյան տակ, կայծակնային հարվածով գնդակը մեխեց դարպասի վերին անկյունը: Մպասին մնաց սառած իր տեղում. Կոնգոյի քաջարի հավաքականը լքում է պայքարը, իսկ Անգլիան ամրագրում է իր տեղը «Ացտեկա» մարզադաշտում կայանալիք հաջորդ փուլի խաղում: